ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի՝ ArmLur.am-ին տված հարցազրույցին և նշել, որ Ազգային անվտանգության մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված և ամենաչընդունված անձը իրավունք չունի իր հասցեին գնահատականներ տալու։
Նշենք, որ Կառլոս Պետրոսյանը հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահինու նշել, որ Սերժ Սարգսյանը, մերժված լինելով, ամեն դեպքում կարողացավ Փաշինյանի թիմում առանցքային պաշտոնների թողնել առանցքային մարդկանց (նկատի ունենալով նաև Արթուր Վանեցյանին)։
«Կառլոս Պետրոսյանը ԱԱԾ աշխատակիցների հիշողություններում մնացել է որպես մի մարդ, որը շատ վատ բարքեր է բերել համակարգ, որը վաճառել է ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված հանգստյան գոտին Սևանում, հյուրանոցը սեփականացրել է, և չէի ուզի նման մարդու տված պատվերով հարցազրույցը սարքեինք օրակարգային հարց»,-ասաց Արթուր Վանեցյանը ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ ԱԱԾ մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ստեղծել են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» կազմակերպությունը, որը պահանջում է կառավարության հրաժարականը և ներկայացնում ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը։
«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները
Միության կազմում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը: