ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի -Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով զբոսաշրջային այցելությունների առումով վատ ցուցանիշ չի գրանցել, հատկապես՝ եթե հաշվի առնենք, թե ինչ վիճակում է երկիրը հայտնվել Արցախում պատերազմից ու համավարակից հետո։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 մարդ, ինչը 72 տոկոսով պակաս է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում (307 հազար 590)։
Այս տարի ամենաշատ զբոսաշրջիկները ժամանել են օդային ճանապարհով՝ 65 հազար 505 մարդ։ Ցամաքային ճանապարհով Հայաստան է հասել 21 հազար 19 մարդ։ Նրանցից «Զվարթնոցով»՝ 59 հազար 123, «Բագրատաշեն» անցակետով՝ 8 հազար 773, Գյումրիով՝ 5 հազար 271, Մեղրիով՝ 6 հազար 939, Բավրայով՝ 4 հազար 376, Գոգավանով՝ 931, Էրեբունիով՝ 968, Կարգոյով՝ 143։
Ընդ որում, Հայաստան է ժամանել 24 հազար 545 կին ու 61 հազար 979 տղամարդ։ Զբոսաշրջիկների գերակշռող տարիքային կատեգորիան 36-63 տարեկանն է (50 հազար 78 մարդ), 26-ից մինչև 35 տարեկան 20 հազար 571 մարդ, 18-ից 25 տարեկան տարիքային խմբում՝ 6 հազար 807 մարդ, մինչև 15 տարեկան՝ 4 հազար 849, 64 ու բարձր՝ 3 հազար 625, 16 - ից 17՝ 594 մարդ:
Զբոսաշրջիկների մեծ մասը՝ 31 հազար 331 մարդ, հունվար-մարտ ամիսներին ժամանել է Ռուսաստանից։ Երկրորդ տեղում իրանցի զբոսաշրջիկներն են՝ 9 հազար 548 մարդ։ Երրորդ տեղում Վրաստանն է, որտեղից առաջին երեք ամսվա ընթացքում ժամանել է 9 հազար 281 մարդ։ Չորրորդ ու հինգերորդ հորիզոնականները կիսում են ԱՄՆ-ն՝ 2 հազար 101 և Ուկրաինան ՝ 2 հազար 75 մարդ:
Մալթան պատրաստ է մինչև 200 եվրո վճարել յուրաքանչյուր զբոսաշրջիկի
Չնայած այդ ամենին, Ապրեսյանն այդ ցուցանիշները լավն է համարում՝ հաշվի առնելով բոլոր այն բացասական գործոնները, որոնք կարող էին տուրիստական այցելությունների մակարդակը զրոյի հասցնել։
«Անցյալ տարվա ցուցանիշը մինչև մարտի 16-ը գրանցված տվյալներն են, հետո լոքդաուն հայտարարվեց։ Այսօրվա ցուցանիշները խոսում են որոշակի ակտիվության և դրական դինամիկայի մասին»,- ասաց Ապրեսյանը։
Նա նշեց, որ 2020 թվականին Հայաստան է այցելել ընդամենը 375 հազար մարդ, որոնցից 307 հազարը՝ մինչև մարտի 16-ը: Իսկ հիմա առաջին եռամսյակում երկիր է ժամանել ավելի շատ այցելու, քան 2020 թվականի ինն ամսում։
Ապրեսյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակը միշտ պասիվ է, ուստի առաջիկայում միանշանակ զբոսաշրջային հոսքի աճ կգրանցվի:
«Դա խոսում է նաև այն մասին, որ երկիրը ներուժ ունի, և մենք պետք է աշխատենք։ Դրսից հետաքրքրություն կա, պետք է ակտիվացնել ոլորտը»,- ասաց Ապրեսյանը։
Նա չի բացառում, որ այս միտումը թույլ կտա հասնել 2019 թվականի ցուցանիշների մինչև 50%-ին։
Ինչ վերաբերում է Հայաստան զբոսաշրջիկներ «ուղարկող» երկրների առաջին հնգյակին՝ Ապրեսյանը նշեց, որ ցուցանիշները փոխվել են, սակայն ոչ այնքան կտրուկ։ Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ այցելուների թվով։ Իրանն ու Վրաստանը նույնպես վերջին տարիներին հնգյակում են եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5%–ով։ Անցած 2020-ին Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում, անցած տարվա համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսել։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսների տվյալներով` զբոսաշրջային ոլորտում անկումը կազմել է 72%. Զբոսաշրջիկների թիվը 2019-ի համեմատ 900 մլն-ով պակաս է գրանցվել։