ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Զվարթնոց» օդանավակայանում Լավրովին կդիմավորի նրա հայ գործընկեր Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանը և Սերգեյ Կոպիրկինը:
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ վաղը` մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։
«Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը նա ծաղիկներ կդնի անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:
Մայիսի 6-ին` ժ. 10:15-ին, տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժամը 12:15-ին:
Հիշեցնենք, որ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։