ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության մանրամասները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Վազգեն Առաջին փողոցում մի երիտասարդ է սպանվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով` սպանվածը քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։
«2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ»,– նշված է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: