ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։
«Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանը: Միայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»,– ասել է նա:
Այսօր պատվաստվել էին նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` ապրիլի 29-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում կառավարության նիստին ներկա բոլոր անձինք պատվաստվեն։