ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ հայրենիք վերադարձած 3 ռազմագերիներն արդեն հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել։
Նշենք, որ այսօր Sputnik Ադրբեջանը հայտնել էր` Ադրբեջանն ազատ է արձակել Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։
«Գերեվարված երեք մեր հայրենակիցներն արդեն Երևանում են։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձել են հայրենիք։ Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն»,–գրել է նա։
Պատգամավորը հավելել է, որ հայրենիք վերադարձած տղաներից մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։