ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Այսօրվա իրավիճակում, երբ աշխարհով մեկ տարածված է կորոնավիրուսի համավարակը, իսկ ժողովրդավարական արժեքները նահանջ են ապրում, էլ ավելի է կարևորվում լրատվամիջոցների գործունեությունը։ Միաժամանակ լրագրությունը շարունակում է մնալ ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը։ Այս կարծիքը «Մեդիա կենտրոն» նախաձեռնությունների կենտրոնի հրավիրած առցանց քննարկման ժամանակ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա դիտարկմամբ` համավարակի պայմաններում տեղեկատվությունը որպես հանրային բարիք մեծ պահանջարկ ունի, սակայն Հայաստանում հատկապես վերջին շրջանում լայն տարածում են գտել ապատեղեկատվությունը, ֆեյք լուրերը, մանիպուլյացիանները։
«Վիրավորանքն ու զրպարտանքն ամենամեծ խնդիրն է այսօրվա լրատվական գործունեության մեջ։ Հենց համավարակով պայմանավորված նահանջ ապրեց ԶԼՄ-ների ֆինանսավորումը, այդ վիճակը լրատվամիջոցներին մղեց այլ տեղերում փնտրել ֆինանսավորման աղբյուրներ»,- նշեց նա։
Մելիքյանի խոսքով` ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում որքան լրատվամիջոցներն ընկնում են քաղաքական և բիզնես շրջանակների ազդեցության տակ, այնքան նվազում է նրանց անկախությունը։
Պաշտպանե՛ք Լատվիայի ռուսական լրագրողների խոսքի ազատությունը. տեսաուղերձ՝ Գուտերեշին
Անդրադառնալով «Մամուլի ազատության ինդեքսի» հրապարակած ամենամյա զեկույցի ցուցանիշներին, որտեղ Հայաստանը զբաղեցնում է 63-րդ տեղը` Մելիքյանը նշեց, որ սա հետհեղափոխական շրջանում առաջին տարին է, երբ մեր դիրքերը զիջում ենք, և այդ նահանջը մեր լրագրողների և ԶԼՄ-ի համար պետք է լուրջ ազդակ հանդիսանա։ Նահանջի հիմնական պատճառներից մեկը, ըստ Մելիքյանի, ռեգրեսիվ և ռեպրեսիվ օրենսդրական նախաձեռնություններն են։
«Խոսքը և՛ ԶԼՄ օրենսգրքում փոփոխության մասին է, և՛ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման եռապատկման, և՛ պետական պաշտոնյաներին քննադատությունից զերծ պահելու և նրանց հասցեին վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելու փորձերի մասին է, և՛ մի շարք այլ այդպիսի նախաձեռնությունների, որոնք առհասարակ հակասում են ժողովրդավարական մոտեցումներին։ Այս ամենը չէր կարող չնկատվել միջազգային կառույցների կողմից»,- նշեց Մելիքյանը։
Նրա կարծիքով` դրան գումարվեցին նաև վերջին քաղաքական զարգացումների հետևանքով անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ հարձակումները։
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցի համաձայն` 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 63-րդ տեղը, Թուրքիան` 153-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է։
Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Նորվեգիան, 2-րդը՝ Ֆինլանդիան, իսկ 3-րդը՝ Դանիան, վերջին` 180-րդ տեղում Հյուսիսային Կորեան է։