ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ցուցակի «սևագրությունը»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Գագիկ Ծառուկյանը հետևել է ԲՀԿ-ականների աշխատանքին ու ըստ դրա որոշել, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Որքան էլ որ տեղեկություններ էին տարածվում, թե ԲՀԿ-ականներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ցուցակի անցողիկ համարներում չեն լինելու, Ծառուկյանը որոշել է, որ երկուսն էլ կլինեն, քանի որ գոհ է նրանց աշխատանքից»,–գրում է թերթը։
ԲՀԿ առաջնորդը նաև նոր դեմքերի է փնտրում ցուցակում ներառելու համար: Հստակ է նաև մի բան. Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը ևս ԲՀԿ ցուցակի թոփ տեղերում են լինելու:
Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, և նա անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման:
«Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց, տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնել: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»,–ասել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր` ԲՀԿ–ն հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի մենակ։