ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փորձել է շտկել իրավիճակը և արդարանալ թուրքերի առաջ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց արդյունքում ամեն ինչ ավելի վատ է եղել։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարեց ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։
Ավելի վաղ Բլինկենը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահ Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքերի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։
«Կարծում եմ, որ եթե Էրդողանը սկզբում կատաղած էր, ապա հիմա նրա կատաղությունը պարզապես բազմապատկվել է... Երբ Բլինկենն ասաց, որ Ցեղասպանությունը Թուրքիայի մեղքը չէ, նա այդպիսով ուզում էր ասել, որ Էրդողանի նեոօսմանիստական ողջ գաղափարախոսությունը որևէ հիմք չունի։ Չգիտակցելով դա` Բլինկենն Էրդողանին շատ մեծ ցավ պատճառեց», – ասաց Սոլովյովը։
Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ ճանաչել է Ցեղասպանությունը. Բլինկեն
Ինչ վերաբերում է բուն ճանաչմանը, ապա հեռուստահաղորդավարի կարծիքով` Ամերիկան դա պետք է աներ վաղուց, և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ հայկական լոբբի է գործում և պայքար է գնում հայկական ծագում ունեցող ամերիկացիների ձայների համար, այլև այն պատճառով, որ դա էր պահանջում արդարության սկզբունքը։
«Ավելին, ես սպասում եմ, երբ դրան կմիանա Իսրայելը։ Զվարճալի է այժմ նայել նաև այն բանին, թե ինչպես ծուռ մնաց Զելենսկու վիզը Ուկրաինայի հետ միասին։ Ուկրաինայի նախագահը չի ցանկանում գժտվել Թուրքիայի հետ և վախենում է կռվել Ամերիկայի հետ։ Նրանք անհասկանալի իրավիճակում հայտնվեցին», – ասում է Սոլովյովը։
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ ԱՄՆ–ն կպահպանի հարաբերությունները Թուրքիայի հետ, քաջ գիտակցելով, որ այն ՆԱՏՕ–ի անդամ կարևոր գործընկեր է և դաշինքի խոշորագույն բանակը Եվրոպայում։