Կարին Տոնոյանի փոխանցմամբ` վերոհիշյալ շարժման մղիչ ուժը Հայաստանի նկատմամբ սերն է, իսկ նպատակը` հայրենիքը վերականգնելու ձգտումը։ Շարժումը խնդիր է դրել հույս արթնացնել ժողովրդի մեջ, որպեսզի նա կրկին կամք դրսևորի վերակերտելու իր երկիրը։
«Մեր շուրջը հիմա համախմբվել են շատ մարդիկ, սակայն մեր խնդիրն է ամբողջ ժողովրդին համախմբելը։ Երկիրը շենացնելու տարբեր ձևեր կան, և ցանկացած մարդ պետք է այդ գործընթացին մասնակցի ըստ իր կարողությունների ու նախասիրությունների։ Չի կարելի, որ մարդիկ մնան անտարբեր, ինչն այս պարագայում ամենամերժելի երևույթն է, առավել ևս, որ մեր երկրում գրեթե բոլոր ոլորտներում ահռելի աշխատանք կա կատարելու»,– նշեց «5165» ազգային շարժման ղեկավարը։
Տոնոյանի խոսքով` շարժումը յուրաքանչյուր մարդու կարող է առաջարկել աշխատանք, որպեսզի ցանկացած ոք իր լուման ունենա հայրենիքի վերականգնման ու վերակերտման գործում։ Ըստ նրա` շարժման գերնպատակը գալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելը չէ, այլ տարաբնույթ միջոցառումներով ժողովրդի մեջ նախ հավատ արթնացնելն է ապագայի հանդեպ, իսկ ընտրություններին մասնակցելու հարցը կորոշվի ավելի ուշ, երբ իրավիճակն ավելի հստակ դառնա։