ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր փոփոխություն է կատարել 2018 թվականի հունիսի 11-ին ընդունած իր նախկին որոշումներից մեկի մեջ։
Խոսքը «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու» որոշման մասին է, որով «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած վարչապետը որոշ կրճատումներ էր արել պետական ապարատում։
Այսօր փաստորեն Փաշինյանը նոր փոփոխություն է արել` 1-ով ավելացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալների թիվը` ներկայիս 4-ի փոխարեն դարձնելով 5-ը։
Թե ինչով է պայմանավորված այս որոշումը, կառավարությունում չեն մեկնաբանում։
Հետաքրքրական է, որ փոխնախարարի հաստիքը որոշվել է ավելացնել այն պահին, երբ տվյալ նախարարությունը նույնիսկ ղեկավար չունի։ Նախարար Մեսրոպ Առաքելյանը ապրիլի 23-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։
Հիշեցնենք` իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը պարբերաբար հայտարարում էին պետական ուռճացված ապարատի կրճատման անհրաժեշտության մասին։
2019թ–ի ՀՀ կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 17 նախարարությունները թիվը կրճատվեց 5-ով։ Նախկին 17-ի փոխարեն նախարարությունների թիվը սահմանվեց 12–ը։ Կրթության, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության կազմում։ Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց էկոնոմիկայի նախարարությանը։
88 հաստիք ունեցող սփյուռքի նախարարությունը լուծարվեց։ Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:
2020 թվականի տվյալներով` արդարադատության նախարարությունից օպտիմալացման ամբողջ պրոցեսի ընթացքում կրճատվել է 5 աշխատակից։ ԿԳՄՍ նախարարության կազմավորման արդյունքում միավորված 3 նախարարություններից միասին կրճատվել է 13 աշխատող։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, հակառակը, կրճատումների փոխարեն նոր աշխատատեղեր են բացվել։ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարարությունը, որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, 2018թ.–ին 130 աշխատակից ուներ։ Իսկ նոր ձևավորված գերատեսչությունը` 198։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ևս 2019թ.–ին կրճատումներ չեն եղել։ 2018թ.–ից ի վեր այս գերատեսչությունում հաստիքների թիվն անփոփոխ է` 700։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների թիվը թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ 2020–ին եղել է 313։