ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: Տեղեկությունը վերհաստատում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից։
Դեռևս մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և պաշտպանության նախարարությունը չի նախատեսում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը։
Հայկական կողմը զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել է վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:
Նախարարությունը միևնույն ժամանակ նշել էր, որ ընդհանրապես Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են։