ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ` ապրիլի 25-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Վիրավորում ստացած զինծառայողներն այս պահին բժշկական կենտրոնում են»,- ասաց Թադևոսյանը` հավելելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղի ունեցած միջադեպի հետևանքում Արցախում արդեն երկու օր է, ինչ որոնումները դադարեցված են:
Հունան Թադևոսյանի տեղեկություններով՝ որոնումները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն վաղը:
«Ենթադրվում էր, որ որոնումները պետք է իրականացվեին Ֆիզուլիի շրջանում, բայց դրանք այսօր կասեցվեցին: Ամենայն հավանականությամբ կվերսկսվեն վաղը»,- ասաց Թադևոսյանը:
Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում որոնողափրկարարական ջոկատներն իրականացրել են 4 ելք: Զինադադարից հետո հայտնաբերվել է 1551 աճյուն: