ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Անհասկանալի է, որ հայերի և քաղաքակիրթ մարդկության դեմ այս սոսկալի ոճրագործության հեղինակներն ու հրահրողները դեռ հերքում են իրենց գործողությունները և արհամարհում իրենց ստոր ցեղասպան քաղաքականությունը ճանաչելու կոչերը։ Նման ուղերձ է հղել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիս Խարալամբոսը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև է ընդունել 2015 թվականին։
«Վերջին ամիսներին Թուրքիայի հանցակցությամբ Ադրբեջանի կողմից հարձակման հետևանքով Հայաստանը ևս մեկ անգամ էլ ականատես եղավ հսկայական տառապանքի։ Թուրքիայի կողմից իր հարևանների հանդեպ ագրեսիվ վարքի դրսևորումը ձգտում է խթանել իր ռևիզիոնիստական օրակարգը»,–ասում է Խարալամբոսը։
Նիդեռլանդների դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայերեն տեսաուղերձ է հղել. տեսանյութ
Նրա խոսքով` հայ և կիպրացի ժողովուրդների միջև ամուր կապերը, կայուն և կենսունակ կիպրահայ համայնքը մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում համագործակցության խթանմանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը կասկածներ չունի, որ այս եզակի և պատմական հարաբերություններն առաջիկայում ավելի կամրապնդվեն։
Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։