ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` գրառում անելով Twitter-ի իր էջում։
Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։
«Հիշողության պահպանումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը ողջ մարդկության նվազագույն պարտքն է։ Այլևս երբե՛ք»,–գրել է նա։
Հունաստանի ԱԳ նախարարը նաև հեշթեգներ է օգտագործել` #ArmenianGenocide և #NeverForget։
Η διατήρηση ζωντανής της Μνήμης και η διεύρυνση της διεθνούς αναγνώρισης της Γενοκτονίας των Αρμενίων είναι το ελάχιστο χρέος ολόκληρης της ανθρωπότητας. Ποτέ ξανά! (φωτογραφία από την επίσκεψή μου στο Ερεβάν στις 16/10/20) #ArmenianGenocide #NeverForget pic.twitter.com/D1FwWyAhzU
— Nikos Dendias (@NikosDendias) April 24, 2021
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։
Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին