ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ առաջնորդը հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ասել է «ցեղասպանություն» բառը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած ՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքների ղեկավարների ձերբակալությունից հետո օսմանյան իշխանությունների կողմից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին բնաջնջման արշավներում։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չջնջվեն պատմությունից»,– նշված է նրա հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահն արձանագրել է, որ Ցեղասպանությունից փրկված ու ողջ մնացածներից շատերը ստիպված նոր կյանք են սկսել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում` կամքի ուժով ու տոկունությամբ գոյատևելով ու վերակառուցելով իրենց համայնքը:
«Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա ՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար. մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ և անվտանգ կյանք»,– ասված է ուղերձում։
Բայդենը նշել է` ամերիկյան ժողովուրդն իր հարգանքի տուրքն է մատուցում բոլոր հայերին, որոնք զոհ են դարձել 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանությանը։
Մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի ՝ ապրիլի 24-ին, նա Twitter-ում գրել էր. «Եթե ես ընտրվեմ, խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և մարդու իրավունքները դարձնել իմ վարչակարգի առաջնահերթությունը»:
Հիշեցնենք` ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտասանել է «ցեղասպանություն» բառը, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրողը հայազգի Քեն Խաչիկյանն էր։
ԱՄՆ գրեթե բոլոր նախագահները մինչ իրենց ընտրությունը խոսել են Հայոց ցեղասպանության մասին, բայց ընտրություններից հետո մոռացել են իրենց խոստումը։