ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Պատերազմն Արցախում ու դրա արդյունքները ուժեղացրել են թուրքական սպառնալիքը Հայաստանի համար: Հայաստանի համար թշնամական երկիրը, պատկերավոր ասած, ավելի մոտ է հայտնվել մեր պետության սահմաններին։ Այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորագրով համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
Արևելագետը նշեց, որ հաշվի առնելով սպառնալիքի մակարդակը, պետք է պարբերաբար նման ձևաչափով քննարկումներ անցկացնել՝ գիտագործնական հանձնարարականներ մշակելով հայկական դիվանագիտության համար:
Ըստ Մելքոնյանի` եթե համառոտ նկարագրենք Անկարայի հավակնությունները Երևանի նկատմամբ, ապա դրանք հանգում են երեք հիմնական կետերի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելը, 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը (որով անցնում է այսօրվա սահմանը երկու պետությունների միջև) ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Ադրբեջանի դիրքորոշմանը համապատասխան: Արցախի հարցում Անկարան ու Բաքուն մասամբ հասան իրենց նպատակին, սակայն մյուս երկու խնդիրները Թուրքիայի համար լուծված չեն, ու ակնհայտ է, որ Անկարան հետագայում ևս կշարունակի ճնշում գործադրել այդ հարցերում:
Փորձագետը դժգոհում է, որ ՀՀ իշխանությունն անտեսում է այն խնդիրները, որոնք բխում են տարածաշրջանում թուրքական էքսպանսիայից։ Եվ այդ ուշադրության բացակայության պայմաններում «ստորջրյա խութերի» վերլուծության և բացահայտման առումով որոշակի դեր է ստանձնել Հայաստանի գիտական հանրությունը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր հերթին նշեց, որ Արցախում 2020 թվականի պատերազմը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացման առումով: Անկարան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ խնդիրներից մեկը Հայաստանի հետագա թուլացումն է և դրա մեկուսացումը տարածաշրջանում:
Գեղամյանը կարծում է, որ չնայած դրան, Հայաստանի ղեկավարությունը ներկայում Թուրքիայի հետ մերձեցման քողարկված քաղաքականություն է վարում: Նրա խոսքով՝ Անկարայի հետ մերձեցման գործընթացը թաքնված է հանրության լայն շերտերից։
Նա վստահ է, որ հաշվի առնելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը, Թուրքիայի հետ երկխոսության օգտակարության փորձագիտական հիմնավորում ներկայում չկա։ Ամեն ինչ հենվում է միայն քաղաքական գործիչների խմբի ամբիցիաների ու ցանկությունների վրա, դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն պետության իրական հնարավորությունների հետ։
Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում
Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների թեմայով քննարկումներն ակտիվացել են Հայաստանի քաղաքական ղեկավարության մի քանի աղմկահարույց հայտարարություններից հետո: Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտ ձևավորել, իսկ դրա համար մենք պետք է փոխենք մեր տեսակետը տարածաշրջանի մասին։ Մի քանի օր անց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի համար թշնամական պետություն է, հայտարարել է, որ «մենք պետք շտկումներ անենք մեր մոտեցումներում»:
Ճիշտ է, ավելի ուշ Փաշինյանն ընդգծել է, որ Անկարան պետք է փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ։