ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար, նախարարների կոմիտեում Գերմանիայի Դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Միխայել Ռոթը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Նա նման հայտարարություն է արել «հիբրիդային» ձևաչափով ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի 14-րդ նիստի ընթացքում։
Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի հարցին «ականապատ տարածքներում մահվան դեպքերի ու ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին», առաջին հերթին կոչ է արել Բաքվին վերադարձնել հայ ռազմագերիներին:
Ռոթն ավելացրել է, որ գերմանական կողմը պարբերաբար հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման անհրաժեշտության մասին:
«Հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները։ 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագիրը ներառում է մարդու իրավունքները պաշտպանելու՝ կողմերի պարտավորությունը, համաձայնագրի այդ մասը գերմանական կողմի հատուկ ուշադրության ներքո կգտնվի», — ասել է նա:
Ռոթն ընդգծել է, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելություններին, ու այդ համատեքստում գերմանական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին:
Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում
«Նախարարների կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործում միջնորդական դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականությունն է։ Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակվող ջանքերին, որոնք մասնավորապես՝ ուղղված են հակամարտության բազմաթիվ դրամատիկ հետևանքների վերացմանը»,-ընդգծել է նախարարը։
Այս համատեքստում Ռոթը նշել է, որ համանախագահները վերջերս կողմերին հիշեցրել են առկա խնդիրների լուծման ու փոխվստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ հետագա ջանքերի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը:
Հատկանշական է, որ Ռոթը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի հարցին, այդպես էլ ոչինչ չի ասել ականապատ տարածքների մասին։
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել էին մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն արդեն այսօր՝ ապրիլի 22-ին հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։