ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը, սակայն շիրակցիները չեն շտապում պատվաստվել: Չնայած տարվող բացատրական աշխատանքներին` շատերը հրաժարվում են պատվաստվելուց: Պատճառները տարբեր են՝ բոլոր տեսակի պատվաստումների հանդեպ կասկածամտություն և այս կամ այն պատվաստանյութի նկատմամբ բացասական կարծիք: Sputnik Արմենիան հարցախույզ է անցկացրել Շիրակի մարզում և պարզել, որ հարցվածների 80 տոկոսը հրաժարվում է պատվաստվելուց, իսկ մյուս 20 տոկոսն էլ վստահում է հիմնականում «Սպուտնիկ V»-ին:
«Պատվաստվե՞լ: Ո՛չ, ոչ մի դեպքում։ Ո՛չ ես կպատվաստվեմ, ո՛չ էլ պառավիս կթողնեմ: Վստահություն չկա»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը` Ռուզվելտ Թորոսյանը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ բացասական վերաբերմունք կա ինչպես տարիքով անձանց, այնպես էլ երիտասարդների մոտ:
«Ես դրական եմ վերաբերվում պատվաստումներին։ Երեխաներս էլ ոչ մի պատվաստում բաց չեն թողել, բայց ինչ վերաբերվում է սրան, հաստատ ո՛չ ես կպատվաստվեմ, ո՛չ էլ թույլ կտամ, որ երեխաներիս պատվաստեն»,-ասաց Սաթենիկը:
Երիտասարդ մի կին էլ, որ չցանկացավ ներկայանալ, շեշտեց, որ «Սպուտնիկ V»-ի կողմնակից է:
«Անշուշտ, կպատվաստվեմ, բայց քանի որ «AstraZeneca»-ի հանդեպ վստահություն չկա, կուզենամ «Սպուտնիկ V»-ով պատվաստվել: Համենայն դեպս այդ պատվաստանյութի մասին բացասական արձագանքներ չեմ լսել»,– ասաց նա:
Նշենք, որ Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca» և 362 դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութ է ստացել: «AstraZeneca» պատվաստանյութով արդեն պատվաստվել է 26, «Սպուտնիկ V»-ով՝ 16 քաղաքացի: Ի դեպ, «AstraZeneca» պատվաստումներն ավելի վաղ էին սկսվել:
«Մեր պատվաստանյութը հիմնականում «AstraZeneca»-ն է, որից եվրոպական շատ երկրներ հրաժարվեցին: Բավական բարդ իրավիճակ է այդ իմաստով: Իմունիզացիայի պատասխանատուների աշխատանքը շատ բարդացած է այս պահին»,- Sputnik Արմենիային ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը՝ պատվաստումներից մինչ այս պահը հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր մարզում չեն գրանցվել:
«AstraZeneca»-ի առաջին խմբաքանակը նախատեսված է 65-ից բարձր տարիքի անձինք, տարեցների սոցիալական պաշտպանության կենտրոնների շահառուներ և աշխատակիցների, 14-ից 65 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար: Այս տարիքային խմբի մեջ են մտնում նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող բուժաշխատողները: Իսկ 2-րդ փուլն արդեն նախատեսվում է պետական ծառայողների, ԱԻՆ աշխատակիցների, ոստիկանների, ուսուցիչների, դասախոսների համար:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը, որը Հայաստան հասավ ապրիլի 8-ին, կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչև 55 տարեկան քաղաքացիները, 55 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվելու են ռուսական դեղամիջոցով, երբ Ռուսաստանից նոր չափաքանակներ մատակարարվեն։
Հավելելենք, որ պատվաստումները ՀՀ-ում բացառապես կամավոր սկզբունքով են իրականացվում: