ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով նախորդ տարի տուժել է նաև Ցեղասպանության թանգարանը։ Այն ողջ տարվա ընթացքում 92 օր է բաց եղել այցելուների համար։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` թանգարանը մարտից օգոստոս փակ է եղել։ Շուրջ 5000 այցելու ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում` 2019-ի 95 000 այցելուի դիմաց։ Հարցն այն է, որ թանգարանը չունի պատուհաններ, ինչի պատճառով էլ այն փակ է եղել. բնական օդափոխություն չէինք կարող ապահովել»,–ասաց Մարությանը։
Նա հայտնեց նաև, որ նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 11 գիրք է հրապարակվել, իսկ 2018-19թթ․ միայն հանդեսներ են հրապարակվել, քանի որ այդ տարիներին թանգարանը 10 միլիոն դրամի պարտք ուներ։ Թանգարանը հնարավորություն է ունեցել հրապարակումներով զբաղվել միայն այն բանից հետո, երբ պետությունն այդ գումարը փակել է։
Կորոնավիրուսի հետևանքով կանգ է առել նաև Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այգու կյանքի կոչման աշխատանքները։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Մարությանը տեղեկացրեց, որ կառավարության` դեռ 2004-ի դեկտեմբերի 30-ի որոշմամբ 100 հա տարածք օգտագործման իրավունքով թանգարան-ինստիտուտին է տրվել։ Այժմ այդ տարածքի խնամքի համար 12 բանվոր կա, ինչը, ըստ Մարությանի, շատ քիչ է։
«Հարցը մեռյալ կետից շարժելու, ինչպես նաև տարածքը թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը կապելու համար միտք հղացավ, որ այն դարձնենք հիշողության զբոսայգի։ Մտածում էինք տարածքը բաժանել ավելի քան տասնյակ մասերի, որոնք կհամապատասխանեն Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի տեղանունին։ Այսինքն` կլինեն ճեմուղիներ, որտեղ մուլտիմեդիոն ցուցադրություններով կներկայացվեն հենց այդ տարածքներում տեղ գտած ցեղասպանությունը»,–ասաց Մարությանը։
Սակայն համավարակի պատճառով սառել է գործընթացը, և այս պահին միայն ծառեր են տնկվում տարածքում։
Դա պատիվ կբերի հենց ամերիկացիներին. Բայդենը կասի՞ «ցեղասպանություն» բառը