ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լոնդոնի «Չելսին» հեռացել է եվրոպական Սուպերլիգայից:
«Չելսին» վերջին անգլիական ակումբն է, որը պաշտոնապես հայտարարել է Սուպերլիգայից դուրս գալու մասին։
Առաջին ակումբը, որը նման որոշում կայացրեց, «Մանչեսթեր Սիթին» էր։ Այնուհետեւ նման հայտարարություն արեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Արսենալն» ու «Տոտենհեմը»:
«Միանալով խմբին անցյալ շաբաթվա վերջին, մենք ժամանակ ունեինք լիովին խորհելու այդ հարցի շուրջ, ու որոշեցինք, որ մեր հետագա մասնակցությունը այդ ծրագրերին չի բխում ակումբի, մեր երկրպագուների կամ ֆուտբոլային հանրության շահերից», - նշված է «Չելսիի» կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Այս պահին Սուպերլիգայի մասնակիցների թվում են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», «Միլանն» ու Միլանի «Ինտերը»:
Երկուշաբթի գիշերը 12 ակումբներ հայտարարել են նոր եվրոպական մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին։ ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներն ու ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Սուպերլիգա հիմնելու գաղափարը: ՈՒԵՖԱ-ն երկուշաբթի հայտարարել է, որ որ թույլ չի տա նոր մրցաշարում հանդես եկող ֆուտբոլիստներին Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցել: Բացի այդ, ՈւԵՖԱ-ն մտադիր է հեռացնել Սուպերլիգայի մասնակից ակումբներին իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից: