ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են։ Երևանի թիվ 8 պոլիկլինիկայում արդեն հաշվառվել է շուրջ 1600 անձ, որոնք պատվաստման կարիք ունեն։ Այս օրերին տեղամասային բժիշկները զանգահարում են բնակիչներին և տեղեկացնում, որ ցանկության դեպքում կարող են պատվաստվել։
Արմեն Սարգսյանն ու նրա կինը պատվաստվել են արտերկրում
Նշենք, որ Հայաստանում այս պահին 2 պատվաստանյութ կա` «Սպուտնիկ V» և «AstraZeneca»։ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները։ 55 տարեկանից բարձր քաղաքացիներն այժմ պատվաստվում են «AstraZeneca»–ով։ Ռուսական դեղամիջոցով նրանք կպատվաստվեն, երբ Ռուսաստանից նոր չափաքանակներ մատակարարվեն։
Մեր` պոլիկլինիկա այցի ժամանակ էլ արդեն երկու անձ սպասում էր, որ պատվաստվի։ Պոլիկլինիկայի վարակաբան Անահիտ Սարուխանյանը հայտնում է` ապրիլի 15-ից են սկսել պատվատումների գործընթացը։
«Դեռ միայն 5 հոգու ենք պատվաստվել։ Հիմա բոլորը տեղեկացված են, քանի որ սոցկայքերից օգտվում են, տարբեր հոդվածներ են կարդում ինչպես վարակի, այնպես էլ պատվաստումների վերաբերյալ։ Մենք էլ իրազեկում ենք միայն, չենք պարտադրում. գիտակից մարդիկ են` իրենք պետք է որոշեն»,–ասաց տիկին Սարուխանյանը։
Թիվ 8 պոլիկլինիկայում այս պահին միայն «AstraZeneca» են ստացել, սակայն, ըստ Սարուխանյանի, հետաքրքրվածությունը մեծ է ռուսական «Սպուտնիկ V»-ի նկատմամբ` շատերը նախապատվությունը տալիս են հենց ռուսականին։
«Ես ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և առողջացել, և ինքս էլ եթե պատվաստվելու լինեմ, ապա «Սպուտնիկ» կուզեմ»,–ասաց Սարուխանյանը։
Մինչ բժշկի հետ ենք զրուցում, ներս է մտնում 73-ամյա Վլադիմիր Քյուրքչյանը, որը եկել է պատվաստվելու։ Նրան հարցնում եմ` կարելի՞ է լուսանկարել, ինչին ի պատասխան հումորով ասում է. «Իհարկե, գուցե վերջին նկարս լինի»։
Տիկին Սարուխանյանը տղամարդուն ներս է հրավիրում և ասում, որ ձեռքը բացի, որպեսզի վերևի հատվածում ներարկեն։ Տղամարդը նայում է մեր լուսանկարչին ու նորից կատակում, որ եթե դա էլ պիտի նկարեն, ապա գոնե սիրուն նկար ստացվի։ Անգամ պատվաստվելու ընթացքում է տղամարդը կատակում, թե` վերջում ձեր նյութում գրելո՞ւ եք` դերերը կատարեցին այսինչ այսինչյանը...
«Ես վստահում եմ մասնագետներին, ինչի համար էլ եկել եմ պատվաստվելու։ Քանի որ ես բժշկության մեջ հեղինակություն չեմ, դրա համար էլ ճիշտ է բժիշկներին հավատալ։ Սակայն մինչև արդյունքը չտեսնեմ պատվաստման, մյուսներին չեմ կարող խորհուրդ տալ»,–ասաց Քյուրքչյանը` հավելելով, որ պատվաստման ընթացքը սովորականի պես էր` հատուկ որևէ բան չզգաց։
Նշենք, որ պատվաստումից հետո որոշ ժամանակ պատվաստվողները պետք է պոլիկլինիկայում մնան` բժիշկների հսկողության ներքո։ Որոշ ժամանակ անց Քյուրքչյանը հեռանում է` մեզ ու բժիշկներին ասելով. «Հուսամ էլի կհանդիպենք»։
Այդ ընթացքում հաջորդ պատվաստվողն է մոտենում, որը նույնպես տղամարդ է` 60 տարեկան։ Նա էլ է պատվաստվում և ասում, որ պատվաստանյութերի մասին տարբեր լուրերը սուտ են` խորհուրդ է տալիս պատվաստվել։
Վարակաբանը, ի դեպ, բոլոր պատվաստվողներին հորդորում է մեկ օր լոգանք չընդունել, ու նշում` եթե այտուց լինի պատվաստված տեղում, ապա անհրաժեշտ է սառը թրջոց դնել, իսկ մյուս բոլոր գանգատների դեպքում տեղյակ պահել տեղամասային բժշկին։ Նշենք նաև, որ պատվաստողների հետ 3 օր կապ է պահպանում տեղամասային բժիշկը, իսկ 8-12 շաբաթ ընդմիջումով նրանք նաև երկրորդ դեղաչափն են ընդունում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 667–ով և դարձել 209 485։