ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։
Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց
Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։