ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել օգնել իր թիմին՝ իտալական «Ռոմային» Սերիա A-ի 31-րդ տուրի արտագնա խաղում:
«Գայլերն» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվել են «Տորինոյին»: Մխիթարյանը երկրորդ խաղակեսում խաղադաշտ է դուրս եկել՝ փոխարինելով Պեդրոյին։
Ընդ որում, հռոմեացիներն առաջինն են բացել հաշիվը՝ արդեն 3-րդ րոպեին աչքի է ընկել Բորխա Մայորալը։ Սակայն երկրորդ խաղակեսում «Տորինոյին» հաջողվել է երեք անգամ գրավել «Ռոմայի» դարպասը։ Գոլերը խփել են Սանաբրիան, Զազան և Ռինկոնը։
Հենրիխ Մխիթարյանը վերջերս է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր Դոնեցկի «Շախտյորի» դեմ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչի խաղում: