ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար այսօր պայքարի մեջ մտած ազատ ոճային երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանն էր հավակնում ոսկե մեդալի։ Բայց մեր ըմբիշը կիսաեզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայիլ Կասիմովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգային, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայիլ Կասումովի հետ։
Արմանը գոտեմարտի վերջին վարկյաններին հնարավորություն ուներ հաղթանակ կորզելու, բայց, ցավոք, չկարողացավ գլորել մրցակցին ու զիջեց նրան մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։
Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:
Հայաստանի հավաքականի ըմբիշներից վաղը մրցագորգ է դուրս գալու Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը։