Նիկիտա Չիկունով, Sputnik
Փորձագետները համակարծիք են այն հարցում, որ Հայաստանում և Ղազախստանում խաղողը չափազանց քիչ է այդ ծավալի կոնյակի թորվածքի արտադրության համար, որն արտահանվում է Ռուսաստան։
Սպիրտը` կոնյակի դիմակով
Ռուսաստան ներկրվող կոնյակային թորվածքի ծագման և որակի վերահսկողության հարցը կներառվի արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդման պետական հանձնաժողովի նիստի օրակարգում, որը պետք է կայանա այս տարվա հունիսին։ Այդ մասին Sputnik-ին ասել է Կոնյակ արտադրողների ռուսաստանյան միության (Սոյուզկոնյակ) գործադիր տնօրեն Դմիտրի Չերնևը։
Դեռ հունվարի վերջին կազմակերպությունը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ելենա Յագոդկինային։ Նամակում Կոնյակ արտադրողների միությունը մաքսավորների ուշադրությունը հրավիրում էր Հայաստանի և Ղազախստանի նման երկրներում խաղողի աճեցման հնարավորությունների և կոնյակի թորվածքների արտադրության ծավալների միջև անհավասարակշռության վրա:
Կոնյակային թորվածքը՝ կոնյակի հիմքը, ստանում են գինենյութերի կրկնակի թորման միջոցով, այնուհետև ստացված սպիրտը պահում են կաղնու տակառներում: Միությունը պարզաբանում է, որ կոնյակի թորվածքների արտադրության համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ խաղող ունենալ (10 կգ խաղողից կարելի է ստանալ մոտ 0,9 լիտր թորվածք – Sputnik):
Դմիտրի Չերնևի խոսքով՝ անցած տարի Ռուսաստան է մատակարարվել 640 հազար դեկալիտր հայկական կոնյակային թորվածք (առանց ջրի, 100 աստիճան թնդության սպիրտի տեսքով)։ Դա զգալիորեն գերազանցում է երկրում խաղողի տարեկան բերքահավաքի հաշվարկային ծավալը՝ մոտ 100 հազար տոննա։
Սոյուզկոնյակի գործադիր տնօրենը հստակեցնում է, որ տեսականորեն սեզոնին հավաքված 100 հազար տոննայից կարելի է արտադրել շուրջ 1 միլիոն դեկալիտր կոնյակային թորվածք, սակայն գործնականում դա գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել գինու և այլ արտադրանքի արտադրությունը, արտահանման հաշվեկշիռը և ներքին սպառումը:
Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»
Ալկոհոլի դաշնային և տարածաշրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը բացատրում է, որ Հայաստանն ու Ղազախստանը չունեն այնպիսի քանակությամբ խաղող, որ արտադրեն այնքան կոնյակային թորվածք ու կոնյակ, որքան վաճառում են Ռուսաստանում։ «Կասկածում եմ, որ Հայաստանը ներկրում է սպիրտ, որն այնուհետև վերածվում է «հայկականի»։ Ղազախստանը միանգամայն չնչին ծավալներ է արտադրում, ամենայն հավանականությամբ՝ այնտեղ արտասահմանյան հումք են օգտագործում»,-բացատրում է նա։
Ալկոհոլի անկախ փորձագետ Սերգեյ Պարամոնովը ասում է` պետք է հաշվի առնել, որ կոնյակի և կոնյակային թորվածքների արտադրության համար չի կարող է կիրառվել աճեցվող ամբողջ խաղողը, այլ միայն դրա հազվագյուտ և բավականին յուրահատուկ տեսակները: Այս գործոնը ևս նվազեցնում է արտադրական հնարավորությունները:
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
«Հայաստանում, օրինակ, կոնյակի և թորվածքների արտադրության համար պիտանի խաղողի սորտի ցանքատարածությունների մոտ 95 տոկոսը պատկանում է Երևանի կոնյակի գործարանին»,-նկատում է մասնագետը։
Չվերահսկվող իրավախախտները
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրների անդամակցության շնորհիվ հիմա կոնյակային թորվածքը Հայաստանի և Ղազախստանի մատակարարների մոտից տեղափոխվում է անմիջապես Ռուսաստանում գտնվող արտադրական գործարաններ՝ շրջանցելով սահմանը հատելիս մաքսային խիստ վերահսկողությունը։
Այդ իսկ պատճառով կազմակերպությունը դիմել է Դաշնային մաքսային ծառայությանը՝ առանձին մատակարարների թորվածքների խմբաքանակը ստուգելու խնդրանքով։ Արդյունքում անորակ արտադրանքով մի քանի տասնյակ մեքենաներ սահմանից հետ են դարձրել։
Ստանդարտներն ընդդեմ կեղծարարության
Խախտումների համար ազատ դաշտ է բացվել, որովհետև կոնյակային արտադրանքի համար գործող պետական ստանդարտները խստորեն նշված ցուցանիշներ չեն պարունակում, որոնց միջոցով հնարավոր կլիներ հայտնաբերել կեղծիքը։
Որպես հայկական կամ ղազախական ձևակերպված թորվածքները կարող են իրականում այդպիսին չլինել և այդ երկրներով անցնել տարանցմամբ, ԵԱՏՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից։ Այդ դեպքում մատակարարողները ստիպված չեն լինում վճարել մաքսատուրքերը և վերահսկիչ ստուգում անցնել Ռուսաստանի հետ սահմանին, ինչը թույլ է տալիս միաժամանակ նվազեցնել արտադրության ծախսերը և համապատասխանաբար իջեցնել արտադրանքի որակը՝ բարձրացնելով հասույթը:
ՌԴ-ում իրավիճակը կարող է շտկել կեղծ կոնյակային թորվածքների և կոնյակի որոշման նոր պետական ստանդարտների ընդունումը։