ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները վաղը՝ ապրիլի 17-ին, փակ են լինելու։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը` նշելով, որ պատճառը շաբաթօրյակն է։
«Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին` ժամը 9:30-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև կիրճում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 17-ին Երևանում շաբաթօրյակ կկազմակերպվի։ Նախատեսվում է մաքրել Հրազդանի կիրճը՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Աշխատանքները նախատեսվում է սկսել ժամը 10։00-ին։ Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝
- Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից),
- Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից),
- Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից)։
Միջոցառման կազմակերպիչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ն առաջարկում է շաբաթօրյակին միանալ ընկերներով, կոլեկտիվներով ու ընտանիքներով։