ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ ամսական շուրջ 100 հազար դեղաչափ արտադրելու համար։ Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոբիզնեսի հարցերի նախարար Արտակ Քամալյանը։
Պատվաստանյութն արդեն արտադրում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ Այժմ բանակցություններ են ընթանում նաև Հայաստանի և Ղրղզստանի հետ։
Նախարարն ընդգծեց, որ պատվաստանյութի արտահանման հարցը կքննարկվի, բայց առաջին հերթին կքննարկվի ներքին պահանջարկի բավարարումը։
«Բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Հուսով եմ, որ դրանք կավարտվեն մոտ ապագայում՝ ծրագրերի անմիջական իրականացմամբ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «Սպուտնիկ V»-ի մոտ մեկ միլիոն դեղաչափ ներկրելու մասին։ Մեր երկրում ցանկանում են պատվաստել շուրջ 700 հազար մարդու, ինչի համար կպահանջվի շուրջ 1,4 միլիոն դեղաչափ: