ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի։ Ազգային ժողովում այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կերկարաձգվի՞ արդյոք արգելքի գործողության ժամկետը։
«Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը արգելքը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»,–ասաց փոխվարչապետը։
Սիմոնյանն արձագանքեց` տնտեսվարողների խոսքով` Չինաստանն ու Ռուսաստանը ներմուծման ծախսերը թանկացրել են, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան։ Նման խնդիր, ըստ փոխվարչապետի, կարող է առաջանալ առևտրով զբաղվողների մոտ։
Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով
«Ամեն դեպքում, եթե նման խնդիր առաջանա, սուբսիդավորման գործիքակազմով կարող ենք հարցը լուծել»,–ասաց Գրիգորյանը
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս) արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: