ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները փաստել են այն մասին, որ Հայաստանում բժշկական օգնության լիարժեք հասանելիությունը խնդրահարույց է։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում գրառում է արել` ներկայացնելով պոլիկլինիկաների մասին իր տարեկան հաղորդումը։
«Գյուղական բնակավայրերում մասնագիտացված բժիշկների, բժշկական սարքավորումների և պարագաների բացակայությամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված են լինում լրացուցիչ ծախսեր անել և բուժօգնություն ստանալ մարզկենտրոնում, հիմնականում՝ մայրաքաղաքում»,–ասվում է զեկույցում։
Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը:
Բացի այդ, պաշտպանին հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու դեպքում արժանանում են անտարբեր, երբեմն էլ կոպիտ վերաբերմունքի, ստանում անորակ բուժօգնություն։
ՄԻՊ–ի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային պայմաններում պացիենտներից ստացվող ահազանգերին՝ հակաբիոտիկներ չստանալու, թեստերի տարբեր արդյունքների, հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ, որոնք նաև լուծվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ:
Օրինակ՝ կորոնավիրուսային վարակով և հաստատված թոքաբորբով պացիենտները իրազեկված չեն եղել դեղ ստանալու իրենց իրավունքի մասին:
ՄԻՊ գրասենյակը թարգմանում է Ալիևի ելույթները, որպեսզի ուղարկի միջազգային կառույցներին
Մեկ այլ բողոքով էլ դիմողը տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված` հոր առողջական վիճակը գնալով վատթարանում է, սակայն անհարկի ձգձգվում է վերջինիս հոսպիտալացումը: Թաթոյանը նշում է, որ հոսպիտալացումների կազմակերպումը համակարգված չի եղել, երբեմն ավելի ուշ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակով հիվանդները, քան մյուս հիվանդները, քանի որ վերջիններս ունեցել են առավել մեծ «հնարավորություններ»:
Այս պայմաններում Թաթոյանի դիրքորոշմամբ՝ խնդրի լուծումը պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն է: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով:
ՀՀ կառավարությունը հետ է կանչել ՄԻՊ–ի վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը. Անի Սամսոնյան