Գարիկ Քեռյանի դիտարկմամբ` հայաստանյան բոլոր քաղաքական գործընթացներն արդեն գնում են նախընտրական տրամաբանությամբ, և մենք այլևս չենք տեսնելու որևէ քաղաքական ուժի կողմից ավելի շատ ծրագրային, ճիշտ վերլուծական ելույթ կամ օբյեկտիվ գնահատական։ Ըստ նրա` մինչև ընտրությունների ավարտը տեղի են ունենալու քաղաքական մենամարտեր, կիրառվելու են սև PR–ի բոլոր տեխնոլոգիաներ։
«Բոլորիս համար էլ պարզ է, որ ինչքան մոտենում ենք ընտրություններին, ընդդիմությունը և այն ուժերը, որոնք այսօր Փաշինյանի արմատական հակառակորդներն են, պետք է ձգտեն ներկայացնել այնպես, որ տնտեսական անկման, պատերազմում պարտության և մյուս բոլոր անհաջողությունների ու անկումների պատճառը 2,5 տարի գործող իշխանությունն է։ Վերջինս իր հերթին այդ ամենին տալիս է մեկ պատասխան, ըստ որի` այն, ինչ հիմա կա, իրենից առաջ նախկինում նախորդ իշխանությունների կողմից ստեղծված համակարգի փլուզման արդյունքն է»,– նշեց քաղաքագետը։
Քեռյանի կարծիքով` նախկին ու ներկա իշխանությունները շարունակելու են պայքարել միմյանց դեմ` բերելով իրենց փաստարկները։ Եվ ուռճացված հաղթանակների ու չափազանցված պարտությունների պայմաններում դժվար կլինի տարանջատել օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունները։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում խոսեց ոչ թե ծրագրային լուրջ դրույթների մասին, այլ հակադարձեց նախկիններին և այդ ելույթն ըստ էության տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ։
«Փաշինյանն իր հետագա քայլերի հաշվարկն անում է ոչ թե քաղաքական դաշտում կողմնակիցներ հավաքելու նկատառությամբ, այլ նրա տեխնոլոգիան հիմնված է զանգվածների գիտակցության և քաղաքական վարքագծի վրա ներգործելու հմտության վրա։ Նրա համար ավելի կարևոր է մեկ հարվածով իր կողմը բերել 100 հազար ընտրողի ձայն, քան միանալ մի քանի կուսակցությունների ու համագործակցել նրանց հետ»,– նշեց քաղաքագետը։
Քեռյանի գնահատմամբ` Փաշինյանի թիմում կան տեխնոլոգիաներ, որոնց աշխատանքի հիմքում ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ժողովրդական զանգվածների վրա ներազդելու գործոնն է, հաջողությունները Փաշինյանին վերագրելու, իսկ պարտությունների համար նախկիններին մեղադրելու գործելակերպը։
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։