Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավորները բավական ոգևորված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում հնչեցրած ելույթներով։ Նրանք արդեն երկրորդ անգամ ծափողջյուններով իրենց վերաբերմունքը հայտնեցին Փաշինյանի հանդեպ։
Նշենք, որ իմքայլականները նախ հոտնկայս ծափահարեցին Փաշինյանի երկար ելույթից հետո, ինչը քննադատության թեմա դարձավ սոցցանցերում։ Օգտատերերն իրենց զայրույթն էին հայտնում, թե այսքան գերիներ ու անհետ կորածներ ունենք, դեռ Եռաբլուրում թաղումներ են լինում, իսկ ԱԺ-ում ծափահարում են վարչապետին։
Երբ ընդմիջումից հետո ԱԺ նիստը սկսվեց, իր վրդովմունքն արտահայտեց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը` ասելով, որ որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր ամաչում է հնչած ծափահարությունների համար։
«Ունենք հազարավոր զոհեր, գերիներ և դեռ չխնկարկված գերեզմաններ։ Դուք գոնե ձեր թիմացիկներին պետք է փորձեիք սաստել»,–ասաց պատգամավորն ու իր հարցերն ուղղեց վարչապետին։
Որպես բանակցային հարց պետք է դնենք ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը. Փաշինյան
Փաշինյանը, սակայն, զայրացավ ու չպատասխանեց պատգամավորի հարցերին` ասելով, թե շատ խորհրդանշական է նախկին իմքայլականի շուրթերից հնչում «ձեր թիմակիցներ» արտահայտությունը։ Փաշինյանը հետաքրքրվեց, թե Գևորգյանը «էդ ո՞նց է հայտնվել» այդ աթոռին, ինչին ի պատասխան իմքայլական պատգամավորները կրկին ծափահարեցին նրան։
«Այո, մենք ծափահարում ենք բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են ՀՀ–ի և Արցախի, հայ ժողովրդի ապագային։ Մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին։ Ձեր էժան գործելակերպը դադարեցրեք»,–ասաց Փաշինյանը։
Հիմա սոցցանցերում քննարկման ու քննադատությունների թեմա է դարձել երկրորդ ծափահարությունների ալիքը։
Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ. Նիկոլ Փաշինյան