ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումն ականային վտանգավոր իրերից և պայթյունավտանգ առարկաներից։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Ներկայումս ռուս զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ` գյուղատնտեսական նշանակության տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ հրետանային դիրքեր էին։ Այս պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի դեռ տեղանքի ամբողջական մաքրում չի կատարվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Մարտակերտի շրջանի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկ և պայթուցիկ առարկա:
Ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի ուղղությամբ
Ընդհանուր առմամբ 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 1960 հեկտար տարածք, 605 կմ ճանապարհ, 1692 շենք, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 484 պայթուցիկ առարկա։