ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով դարձավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից և կից ներկայացնում վարչապետի հրամանագիրը։
Տեղեկացվում է, որ առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»,–ասված է հրամանագրում:
Հիշեցնենք`ապրիլի 6-ին գեներալ–մայոր Արշակ Կարապետյանն ազատվել էր ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հեռացվել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմից գրեթե անմիջապես հետո։ Այն ժամանակ պաշտոնական բացատրություն չէր տրվել, սակայն հետախուզության վարչությանը մեղադրում էին ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հարձակման մասին ԶՈւ–ին ճիշտ ժամանակին չտեղեկացնելու մեջ։
Տիրան Խաչատրյանի հայցը դատարանը վարույթ է ընդունել. նա պետք է շարունակի աշխատել. պաշտպան
Կարապետյանը 2018 թվականի փետրվարին նշանակվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, իսկ նույն տարվա դեկտեմբերին` Փաշինյանի խորհրդական։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա պաշտոն է ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար։
Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։
Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։
Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան