ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ–ում «Իսկանդեր–Մ»–ի մնացորդների հայտնաբերման հարցը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևն այդ մասին հայտարարել է «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումներ և համագործակցություն» խորհրդաժողովում։ Ալիևի խոսքով` նա ապրիլի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։
«Գիտեք, որ սովորաբար հեռախոսազրույցների բովանդակությունը համաձայնեցվում է և հետո հրապարակվում։ Սակայն ես ոչինչ չեմ թաքցնում ադրբեջանցիներից և կարծում եմ, որ պետք է իմանան ամեն ինչ։ Մենք «Իսկանդերի» հարցը քննարկել ենք Պուտինի հետ»,–ասել է Ալիևը։
Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի ՊՆ–ին պաշտոնական նամակ է ուղարկել, սակայն պատասխան դեռ չեն ստացել։ Ադրբեջանի նախագահը «տարօրինակ» է անվանել այդ հրթիռների օգտագործման մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները:
«Նրանք հա՛մ խոսում են չպայթած հրթիռների մասին, հա՛մ էլ ասում են, որ դա գաղտնիք է։ Ուրեմն ամեն դեպքում օգտագործվել են։ Մենք սպասում ենք Երևանի պաշտոնական պատասխանին։ Ձեզ ավելին ասեմ`մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների»,–ասել է Ալիևը։
Անդրադառնալով պատերազմից հետո Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ այն նախկինի պես փխրուն է։ Նրա խոսքով՝ Բաքուն պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում Երևանի կողմից։
Միաժամանակ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Արա Այվազյանին մեղադրել է «ադրբեջանատյացության և թուրքատյացության» մեջ։
Հիշեցնենք` մարտի 31-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց Շուշիում «Իսկանդերի» բեկորների հայտնաբերման մասին։ Ադրբեջանական ականազերծման գործակալության (ANAMA) պնդմամբ՝ Շուշի քաղաքում մարտի 15-ին «հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ»։ Սակայն Հայաստանի զինանոցում առկա են «Իսկանդեր-Է» տեսակները, իսկ Շուշիում հայտնաբերված և ավելի ուշ Բաքվում ցուցադրվածը «Իսկանդեր-Մ»-ի բեկորներ են։ Ըստ փորձագետների` դրանք կարող էին բերվել Սիրիայից, թուրք մասնագետների կողմից։
Դրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում ենթադրություններ հայտնվեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ի ուղղությամբ «Իսկանդեր» է կիրառել Ռուսաստանը։
«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին