Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկները Մոսկվայից վերադարձան Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ծափերով ու դափնեպսակներով։
Հիշեցնենք` ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացրին 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճեցին երկամարտի 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ):
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձան Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ)՝ երկամարտում գրանցելով համապատասխանաբար 380 կգ և 464 կգ արդյունք:
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Երկամարտի թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալով զբաղեցրեց 3-րդ տեղը. առաջատարն Ուկրաինայի ընտրանին էր (4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ), իսկ երկրորդ տեղում Բուլղարիան էր (3 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե):
Իզաբելա Յայլյանը (55 կգ) պոկում վարժությունում գրանցել է 90 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունն ավարտել է 105 կգ ցուցանիշով. երկամարտի 195 կգ արդյունքով Յայլյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը հանդես է եկել B խմբում և երկամարտի 346 կգ արդյունքով (150 կգ + 196 կգ) զբաղեցրել խմբում առաջին հորիզոնականը: Հրում վարժությունում գրանցած արդյունքով հայ ծանրորդը երիտասարդների ռեկորդ է սահմանել և փոքր բրոնզե մեդալ նվաճել:
Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) պոկում վարժությունում 165 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրումում 0 է ստացել՝ 3 անգամ չկարողանալով հրել 195 կգ ծանրաձողը: Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 190 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 0 է ստացել: Տաթև Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 221 կգ արդյունք, իսկ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ ցուցանիշով չորրորդն է եղել +87 կգ քաշային կարգում:
Դիմավորման ուշագրավ կադրերը՝ Sputnik Արմենիայի լուսանկարաշարում։