ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Անհետ կորածների և գերիների հարազատները դուրս եկան պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպումից։ Նրանցից մեկը հայտնեց, որ հանդիպել են ԳՇ պետ Արտակ Դավթյանի և սպայական կազմի հետ. նախարարը հանդիպմանը ներկա չի եղել։
«Ոչ մի հարցի պատասխան չստացանք, իրավիճակին չեն տիրապետում։ ԳՇ պետն ասում է` իմ իրավասությունների մեջ չի, որ հարցին լուծում տանք»,–ասաց հարազատներից մեկը։
Նրա խոսքով` իրենք այլևս ակնկալիք չունեն ԳՇ պետից։
Հանդիպումից դուրս եկածները նշեցին, որ ոչ լիարժեք պատասխան են ստացել և հիմա պետք է քննարկեն իրենց հետագա անելիքները։
Հանդիպումն ավելի քան երեք ժամ տևեց։
Հիշեցնենք` երեկ լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Դրանից հետո ռազմագերիների հարազատները միացան անհետ կորածների հարազատներին, որոնք հավաքվել էին ՊՆ–ի մոտ։ Նրանք այսօր ամբողջ օրը փակ էին պահում ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան շենքից։ Օրվա ընթացքում Sputnik Արմենիան ֆիքսեց, որ որոշ աշխատակիցներ տարածքը լքում են ուղղաթիռով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» այն հարցին, թե ինչու Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարեցին ռազմագերիների վերադարձի մասին, պատասխանել է. «Դա կեղծիք ու սադրանք է, իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցել բնակչությանը։ Դա սովորական աշխատանքային այց էր»։
Մինչդեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է. պատճառները հայտնի չեն: