ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Վստահեցնում եմ ձեզ, որ ոչինչ չեմ խնայելու Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար»,– ասաց նա։
Նշենք, որ 2010-2019թթ.–ին Ղալումյանը զբաղեցրել է «Հայէկոնոմբանկի» Իջևանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Ըստ մամուլի` ծնունդով իջևանցի Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ նա ազատվել էր Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։
Հիշեցնենք` ապրիլի 1–ին կառավարության նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին: