ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուս խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» խորագրով ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ ամյակին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակցիայի մեկնարկը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 104 զինվորների հուշարձանի մոտ, որոնք զոհվել են 1941-1945թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում:
Նոր սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի թեմայի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու և պատմության խեղաթյուրում թույլ չտալու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները այսուհետ կանոնավոր կերպով կմասնակցեն Խիզախության դասերի անցկացմանը: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար հանդիպումներ կունենան աշակերտների և ուսանողների հետ, կպատմեն նրանց 1941-1945թթ․ պատերազմի հերոսների սխրանքների մասին:
Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել
Բացի «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիայից, ռուսական խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնը Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ սկսել է Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ իրականացնել:
«Ակցիաները, որոնք անցկացվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների անմիջական մասնակցությամբ, կտևեն մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: