Միքայել Բադալյանի տեղեկացմամբ` պեղումները սկսվել են ապրիլի 3-ից, քանի որ ճանապարհաշինարարական կապալառու ընկերության ներկայացուցիչները թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին նախապես տեղեկացրել էին, որ կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում գտնվել են խեցեղեն բեկորներ, հետևաբար այդ հատվածում շինարարական աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։
«Մենք դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մեզ տրվի հրատապ պեղումներ իրականացնելու թույլտվություն։ Դեռ նոր ենք սկսել աշխատանքները և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ դրանք ավարտվեն։ Այս պահի դրությամբ տարբեր այլ խեցեղեն բեկորներ ենք հայտնաբերել, կպեղենք այնքան, որքան կպահանջվի բոլոր հնագիտական շերտերն ուսումնասիրելու համար։ Գտածոներն ուսումնասիրվելու են «Էրեբունի» թանգարանում։ Արդեն հայտնաբերված խեցեղեն բեկորները վերականգնման ու ամրակայման լաբորատորիայում հատուկ նյութերով կմաքրվեն, կտեսնենք, թե դրանցից որոնք են իրար միանում, որպեսզի հնարավորինս ամբողջական տեսք ստանան»,– նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանի տնօրենը։
Բադալյանի խոսքով` արշավախումբն ունի երեք ամիս ժամանակ, որպեսզի սահմանված կարգով ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնի համապատասխան հաշվետվություն։ Ըստ նրա` Կարմիր բլուրում այս տարի նախատեսվում է իրականացնել ավելի մեծ ծավալի հնագիտական աշխատանքներ, որոնք կընդգրկեն ոչ միայն հյուսիս–հարավ հատվածը, այլև Կարմիր բլուրի ամրոցին կից տարածքները։
«Դեպի հուշարձան տանող ճանապարհի աջ կողմում հայտնաբերել ենք մի քանի հզոր պատերի հետքեր, որոնց պեղումները լուրջ նորություններ կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի և մասնավորապես Կարմիր բլուրի վերաբերյալ։ Այս տարվա մայիսի վերջին կամ աշնանը Կարմիր բլուրում կլինեն լայնածավալ պեղումներ»,– նշեց Բադալյանը։
Նրա փոխանցմամբ` թեև ներկայումս պեղվող տարածքը ծավալով փոքր է և հարում է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի եզրին, այդուհանդերձ, եթե հայտնաբերվի հնագիտական կառույց, ճանապարհաշինարարական աշխատանքները կդադարեցվեն։
Հիշեցնենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Արգավանդ-Շիրակ հանգույցի ճանապարհի շինարարության ժամանակ գտնվել են խեցեղեն բեկորներ։ Շինաշխատանքները դադարեցվել են։
Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.
Նշենք, որ Երևանը շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Տևական ժամանակ է` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին: