ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է: Բայց ՀՀ սահմաններին ներկա պահին հարաբերական կայունություն է: Այսօր Եռաբլուրում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
«Սահմաններում հարաբերական կայունություն է, միջադեպեր գրեթե չկան, սակայն ընդհանուր լարվածությունը, որ կա, ընդհանուր ազդեցություն է ունենում և՛ սահմանային լարվածության, և՛ մեր առօրյա կյանքի վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ: