ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում չի կայացրել: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նաև բացառեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, եթե նրանցից մեկը վարչապետ ընտրվի։
«Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը բացառվում է։ Եթե վարչապետ ուրիշ մարդ ընտրվի, կմտածենք։ Եթե Ռոբերտ Քոչարյանն ընտրվի, ևս բացառում եմ»,–ասաց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ մեր երկրին խաղաղություն է պետք, երկրին պետք չեն երկու հակադիր բևեռների միջև պատերազմներ։
«Եթե էս երկրում համերաշխություն չեղավ, մենք չենք կարող բանակը վերականգնել, փախստակաների, հաշմանդամների խնդիրները լուծել», –ասաց նա։
Մարուքյանի խոսքով`պետք է բացառվի, որ վարչապետ լինի գործող վարչապետը և նախկին իշխանության որևէ ղեկավար:
«Արտահերթ ընտրություններին 20 ուժ է մասնակցում, այսինքն` ձեր կարծիքով ժողովուրդը կրա՞կն է ընկել Նիկոլ Փաշինյանի և նախկինների ձեռը: Հետո «Լուսավոր Հայաստանը» պրոքսի ուժ չի, որ մասնակցի ինչ-որ մեկին կպնի: Մենք մասնակցում ենք, որ գանք առաջ»,-ասաց նա:
Հիշեցնենք` մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբն ամենայն հավանականությամբ կղեկավարի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին