ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի ամբիոնից, ի պատասխան իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի, հայտարարեց` Քարվաճառը մերն է, Դադիվանքը նույնպես։ Թովմասյանը նման հայտարարություն արեց` անդրադառնալով Աղազարյանի սկանդալային այն մտքին, թե Քարվաճառը հայկական չի և չի էլ եղել։
Նշենք, որ Հովիկ Աղազարյանն ապրիլի 30-ին «Փաստինֆոյին» տված հարցազրույցում ասել էր, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չի և չի էլ եղել։ Նա նշել էր, թե Հայաստանում կա՞ մեկն «էդքան դուխով», որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել:
«Ամենաքիչը ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը, պարոն Աղազարյան։ Խնդրում եմ` մոտեցեք ԱԺ ամբիոնին և մի բան ասեք` ասեք, որ սխալմունք է եղել, լրագրողներն են մեղավոր, բայց մի բան ասեք։ Այդ հայտարարությունը չպետք է անպատասխան մնա, քանի որ մենք միայն մեր ներքին լսարանի համար չենք աշխատում»,–ասաց Թովմասյանը։
Պատգամավորը նշեց, որ Աղազարյանի հայտարարությունն Արցախ է «հասել» և մարդիկ շատ վատ հետևություններ էին անում։
Թովմասյանն իր ելույթն ավարտեց Դադիվանքի մասին «Վիքիպեդիայից» մեջբերում անելով, թե Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում, որը սկսվել է կառուցվել 9-րդ դարից։
Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը 168.am–ի հետ զրույցում նույնպես հայտարարել էր` Քարվաճառը մերն է։