ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում ռեկտոր կընտրեն։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ են նախատեսում մայր բուհում ռեկտորի ընտրություն կազմակերպել։
ԱԺ–ն այս տարվա մարտի 24-ին ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը, որը, սակայն, դեռ չի ստորագրվել նախագահի կողմից։
«Ակնկալում ենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ կտնի, և երբ այն ուժի մեջ կմտնի, մրցույթ կլինի, և ռեկտոր կընտրվի»,–ասաց Դումանյանը։
Հարցին, թե ԵՊՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի գործունեությունն ինչպե՞ս է գնահատում` նախարարը պատասխանեց, թե ժամանակավոր պաշտոնակատար է, կատարում է իր աշխատանքը։ Նրա խոսքով` ԺՊ–ի ինստիտուտը լավագույնը չէ ոչ միայն բուհում, այլ նաև ցանկացած կառույցում։
Դումանյանը հավելեց, որ հույս ունի` շուտով բոլոր բուհերում, որոնք ռեկտոր չունեն, ընտրություններ կլինեն։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 2019-ի մայիսի 23–ին հրաժարական էր տվել։ Հունիսի 30-ին ԵՊՀ ռեկտորի ԺՊ է նշանակվել Գեղամ Գևորգյանը։
Անհոգ եղեք, բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում. ԿԳՄՍ նախարար
ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։