ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, բայց անգամ կուսակցության գրասենյակում դեռ չեն շտապում զբաղվել ընտրությունների նախապատրաստմամբ:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հանձնարարել է զբաղվել նախընտրական ակտիվ աշխատանքներով, մարզերում վերաբացել գրասենյակները, որոնք փակվել էին 2 տարի առաջ կայացած ընտրություններից հետո: Բայց կուսակիցներն ու հատկապես՝ պատգամավորներն, ըստ թերթի՝ «առանձնապես չեն կոտորում իրենց» և սպասում են նախընտրական ցուցակին, որպեսզի հասկանան՝ աշխատե՞ն, թե՞ ոչ։
«Իսկ Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, չի շտապում ցուցակները կազմել կամ տեղեկացնել, թե ով որ տեղում է լինելու։
Որոշել է, որ դրա մասին կբարձրաձայնի, երբ ԱԺ-ում ընդունվի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, և ռեյտինգայինից անցումն ամրագրվի։ Եթե հիմա խաղաքարտերը բացի, չի բացառվում, որ ցուցակից դուրս մնացածները դեմարշ անեն եւ չքվեարկեն փոփոխությանը»,- գրում է «Հրապարակը»:
Հիշեցնենք՝ մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլին, իսկ արտահերթ ընտրությունները խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներից հետո որոշվել է նշանակել հունիսի 20-ին:
Ո՞ւմ են ընտրելու քաղաքացիները ԱԺ արտահերթ ընտրություններում. հարցախույզ Երևանում
Դրա համար անհրաժեշտ է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի քաղաքական մեծամասնության առաջադրած վարչապետի թեկնածուին:
Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:
Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: