ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հետաձգել դատական նիստը մինչև որ դատախազությունը կկարողանա միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ:
Դատախազի միջնորդությունը դատական նիստում ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
«Դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէր: Խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի՝ 2021թ-ի ապրիլի 6-ին»,- ասաց դատավորը:
Բայց, քանի որ դատական նիստից անհայտ պատճառով բացակա էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատարանը նախ ընդմիջում հայտարարեց դատավարության մասնակցի բացակայության պատճառը պարզելու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ՝ մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշունը, որից հետո այն արդեն օրինական ուժ է ստացել: Այդ հոդվածով ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր սահմանադրական կարգի տապալման համար:
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում էր կայացրել, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:
Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: 42 էջանոց տեքստն արդեն հրապարակվել է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքում:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը
Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել իրեն առաջադրված մեղադրանքների օրինականությունը:
Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:
2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:
Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան