ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է Գյումրիում կառուցվող հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի նախագծային էսքիզները:
«Հայաստանը կունենա տարածաշրջանի լավագույն ուսումնամարզական համալիրներից մեկը: Շուտով կմեկնարկեն Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շինարարական աշխատանքները, ինչը բացառիկ է մարզահամալիրների կառուցման ոլորտում վերջին տասնամյակներում»,- Facebook–ի իր էջում գրել է վարչապետի խորհրդականը:
Նա նաև նշել է, որ համալիրն ունենալու է տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ, մարզասրահներ, մարզադաշտեր:
Հիշեցնենք՝ կառավարության՝ այս տարվա մարտի 25-ին ընդունած որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:
Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները՝ մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:
Հիշեցնենք` Արթուր Ալեքսանյանն աշխարհի եռակի չեմպիոն է, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 2012 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, եվրոպական խաղերի չեմպիոն (2019)։
Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ կանցկացնեն. Իսլանդիայի հավաքականն արդեն Երևանում է