ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը եռակի իմունային պաշտպանություն է ձևավորում։ Տեղեկությունը հայտնում է Ռոսպոտրեբնադզորը։ Դեղամիջոցի վերաբերյալ տվյալները հրապարակվել են գերատեսչության պաշտոնական կայքում։
Նախ հակամարմինները խանգարում են, որ SARS-CoV-2-ի S-սպիտակուցը փոխազդի բջջի ռեցեպտորի հետ․ այդպես ձևավորվում է պաշտպանության առաջին գիծը։ Հետո հակամարմինները խանգարում են վիրուսի թաղանթի և բջջային մեմբրանի միաձուլմանը՝ դիմադրելով վիրուսի ներթափանցմանը։ Եթե պաթոգենն այնուամենայնիվ հայտնվում է բջջում, գործի է անցնում պաշտպանության երրորդ գիծը․ ակտիվանում են իմունային համակարգի այնպիսի տարրեր, ինչպիսիք են մակրոֆագները, նեյտրոֆիլներն ու բնական «մարդասպանները»։ Հակամարմնայինից բացի, «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը նաև Т-բջջային իմունային պատասխան է ձևավորում։
Ավելի վաղ «Վարակ և իմունիտետ» ամսագիրը հրապարակել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին և երկրորդ փուլի արդյունքները (փորձարկմանը մասնակցել են 18-60 տարեկան կամավորներ)․ երկրորդ չափաբաժինը ստանալուց 21 օր անց բոլոր մասնակիցների մոտ հակամարմիններ են ձևավորվել։
Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը
«ԷպիՎակԿորոնան» Ռուսաստանում գրանցված երկրորդ («Սպուտնիկ V»-ից հետո) պատվաստանյութն է կորոնավիրուսային վարակի կանխարգելման դեմ։ Այն կենդանի վիրուս չի պարունակում և իմունիտետ է ձևավորում արհեստականորեն սինթեզավորված պեպտիդների կիրառման շնորհիվ։
Ռուսաստանում COVID-19-ի դեմ ևս երկու պատվաստանյութ կա՝ Գամալեայի անվան կենտրոնի մշակած «Սպուտնիկ V»-ն և ՌԳԱ Չումակովի անվան կենտրոնի մշակած «ԿովիՎակը»։