ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Տավուշի մարզում ամեն ինչ հանգիստ է, սահմանի փոփոխության որևէ քննարկում չկա: Այսօր Երևանում Տավուշի մարզի տնտեսական զարգացման 2021-2025 թվականների ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հերթական անգամ հերքելով Տավուշում սահմանների վերանայման մասին լուրերը:
«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը՝ որևէ մեկի կողմից, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ես կապրեմ այս երկրում ու քանի դեռ կլինեմ Տավուշի մարզպետ: Եթե որևէ վտանգ լինի, առաջինը ես կլինեմ, որ կանգնած կլինեմ այդ սահմանում՝ վտանգը չեզոքացնելու: Հայ ժողովրդի և Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի և քննարկման առարկա չդառնա: Այս խնդիրները քննարկելու վտանգը ներսում չէ, այլ դրսում: Դրա համար մեր այս քննարկումներով չպետք է վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք և ջուր լցնենք թշնամու ջրաղացին։ Ես ուզում եմ՝ այս թեման փակվի ընդհանրապես»,- ասաց Չոբանյանը:
Ինչ վերաբերում է ռուս զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա, մարզպետի խոսքով, մշտական բնույթ է կրում և կապված է ՊՆ-ի գործողությունների ու մշտական պարտականությունների իրականացման հետ: Ոստի այս խնդրին վերաբերող բոլոր հարցերը մարզպետը հորդորում է ուղղել ՀՀ ԶՈւ ղեկավարությանը:
«Մենք պատերազմական երկիր ենք, և կան հարցեր, որ նույնիսկ հրապարակային քննարկման ենթակա չեն: Դրա համար համապատասխան գերատեսչությունը թող որոշի, թե այդ հարցի պատասխանը ինչ լայնությամբ և ինչ ծավալով կարող է ներկայացնել հանրությանը»,- ասաց Չոբանյանը:
Տավուշում սահմանազատման աշխատանքներ չեն կատարվում. մարզպետը խոսել է խուճապի պատճառներից
Հիշեցնենք՝ շուրջ մեկ ամիս է, ինչ համացանցում ակտիվ խոսակցություններ են պտտվում Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների հավանական զիջումների մասին, որոնց, ըստ նույն աղբյուրների` մասնակցում են ռուս զինվորականները։
Այդ օրերին Sputnik Արմենիան փորձեց պարզել, թե ով է ասել ռուսների մասնակցության մասին ու գրեթե բոլոր բնակիչները պատասխանեցին` այդ մասին Facebook-ում են կարդացել։