Ստեփանակերտում անցած շաբաթվա վերջին կայացավ պատերազմի ավարտից հետո ԼՂ ռուսական համայնքի խորհրդի առաջին նիստը։ Արցախահայության հետ պատերազմի դժվարությունները կիսած խոշոր ազգային փոքրամասնության ներկայացուցիչները կրկին սկսում են ապրել համայնքային ակտիվ կյանքով, իրենց ներդրումն ունենալով արտաքին ագրեսիայի հետևանքների հաղթահարման գործում՝ օգնելով անկախ պետականություն կառուցել։ Sputnik Արմենիայի սյունակագիրն ուսումնասիրել է Արցախում բնակվող ռուսների անցյալն ու ներկան։
Արցախում ռուսներն ապրում են ավելի քան երկու դար։ Երկրամասում ռուսական ազդեցությունը սկսեց տարածվել դեռ Պարսկաստանի հետ վերջին պատերազմի ավարտից առաջ։ 1813 թվականին Ղարաբաղը վերջնականապես կայսրության մաս դարձավ։ Այդ տարին կարելի է նաև Արցախի ռուսական համայնքի ձևավորման տարին համարել։ Համայնքը նախևառաջ բաղկացած էր այնտեղ տեղակայված զորամասերի սպաների ընտանիքների անդամներից։
Պատմական վկայություններ կան այն մասին, որ 1861 թվականին Ալեքսանդր երկրորդ կայսրը անձամբ ներկա է գտնվել ժամանակակից Ստեփանակերտի տարածքում կառուցված Տիրոջ Պայծառակերպության ուղղափառ եկեղեցու օծման արարողությանը: Խորհրդային Ադրբեջանին Արցախի միացումից անմիջապես հետո վանքը ոչնչացվել էր։ Արցախում ևս երկու ուղղափառ եկեղեցի է եղել։ 1894 թվականին Տերսկի կազակական զորքերի գնդի մարտիկները Մարտունու Կուրոպատկինո (այժմ կոչվում է Գևորգավան) գյուղում ուղղափառ եկեղեցի էին կառուցել:
Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ
Ադրբեջանում հաճախ սպեկուլյացիաներ են անում՝ պնդելով, որ հայերն, իբր, ավերել են Աստծո տաճարը։ Մինչդեռ վանքը նման վիճակի հասել է այն ժամանակ, երբ երկրամասն Ադրբեջանի ղեկավարության ներքո էր։ Արցախի անկախացումից հետո շատ բան փոխվեց։ ԼՂՀ պատմական հուշարձանների պահպանության վարչությունը Տիրոջ պայծառակերպության վանքի վերականգնման նախնական ծրագիր էր մշակել։ Պարզապես հերթը վանքին չհասավ, քանի որ վերականգնման աշխատանքները որոշել էին սկսել շիիթական մզկիթից։
Արցախի երրորդ ուղղափառ եկեղեցին՝ սուրբ Գեորգիի վանքը, կառուցվել էր Շուշիի Գումլուխ թաղամասում ռուս զինվորականների միջոցներով։ Խորհրդային տարիներին վանքի շենքն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Այնուհետև այն վերածել են գոմի։ Իսկ 1970 թվականին Բաքվում որոշում էր կայացվել եկեղեցին հիմնահատակ քանդել և նրա փոխարեն մշակույթի տուն կառուցել։ Ահա այդպես էր ջնջվում ռուսական ներկայության հետքը Ղարաբաղում։
Իշխանության վերաբերմունքը ռուսական համայնքի նկատմամբ ամբողջությամբ փոխվեց այն ժամանակ, երբ Արցախը պետականություն ձեռք բերեց։ 1999 թվականին հիմնադրված «Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնք» ՀԿ-ին կառավարությունն ամեն կերպ աջակցեց։ ԼՂՀ ղեկավարությունն աջակցեց նաև մայրաքաղաքում ուղղափառ նոր եկեղեցի կառուցելու որոշմանը։ Ստեփանակերտի քաղաքապետարանը տաճարի կառուցման համար համայնքին անհատույց 6,5 հազար քմ մակերեսով տարածք տրամադրեց քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցի վրա։ Այդտեղ տեղադրված խաչն օծեց Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրը։ Արցախում ապրող ռուսները ազգային մշակույթը, ավանդույթները, լեզուն պահպանելու հարցում խնդիրներ չունեն։ Համայնքի ղեկավարություը ողջունել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու` խորհրդարանականների վերջին նախաձեռնությունը։
Ինչպես արցախյան առաջին պատերազմի տարիներին, այնպես էլ վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների օրերին, Արցախում բնակվող էթնիկ ռուսները զենք վերցրին իրենց երկիրը պաշտպանելու համար։
Համայնքը կենտրոնացրեց բոլոր ռեսուրսները պաշտպանությանն աջակցելու համար։ Հոկտեմբերի 12-ին Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան հայրենակիցների անունից դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի՛ տվեք Ադրբեջանին և Թուրքիային անել իրենց սև գործը` ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ` Արցախի քրիստոնյաներիս», - ասվում էր նրա ուղերձում։ Ով իմանա, գուցե այդ ուղերձը ևս իր դերը խաղաց նրանում, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշեց տարածաշրջան մտցնել իր խաղաղապահ ուժերը։
Այսօր ռուսական համայնքը ամենասերտ ձևով համագործակցում է Արցախում տեղակայված խաղաղապահների հրամանատարության հետ։ Համատեղ միջոցառումներ են անցկացվում, այդ թվում՝ բարեգործական և հումանիտար։ Ընդ որում, աջակցությունը միակողմանի չէ։ Համայնքի ղեկավարությունն օգնում է ռուս զինվորներին ավելի լավ ճանաչել տեղի ավանդույթները, հաղորդակից լինել հայկական մշակույթին։ Այսպես, օրինակ, վերջերս խաղաղապահ ստորաբաժանման գրադարանին է փոխանցվել ռուսերեն թարգմանությամբ հայ գրողների ու բանաստեղծների մի քանի հարյուր գիրք։ Վերականգնվում է նաև հոգևոր կյանքը։ Դրանում անգնահատելի է նաև խաղաղապահ առաքելության հոգևորական հայր Բորիսի դերը։ Նրա օգնությամբ համայնքի ներկայացուցիչները հույս ունեն լուծել Ադրբեջանի կողմից գրավված Շուշի և Հադրութ քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոն Ֆիզուլիում (հիմնադրել են ռուսները 1827 թվականին, և մինչև վերանվանումը՝ 1959 թվականը, կոչվում էր Կարյակինո) գտնվող ռուսական գերեզմաններին հասանելիություն ստանալու հարցը։
Այսօր Արցախի ռուսական համայնքում մոտ 1,5 հազար մարդ կա։ Նրանցից ոմանք այժմ ժամանակավորապես հանրապետությունից դուրս են գտնվում։ Տասնյակ էթնիկ ռուսներ և ՌԴ քաղաքացիներ փախստական են դարձել։ Նրանք հրաշքով են փրկվել, հասցնելով լքել պատերազմի հետևանքով Ադրբեջանի ենթակայության տակ անցած քաղաքներն ու գյուղերը։ Հայրենակիցներն անտարբեր չեն նրանց ճակատագրի նկատմամբ։
Մարտի 19–ին կայացած համայնքի խորհրդի նիստի օրակարգի ամենագլխավոր հարցերից մեկը փախստականներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար միջոցներ ձեռնարկելն էր։ Նիստի մասնակիցները կազմել են 2021 թվականի իրենց գործունեության ծրագիրը, որը հումանիտար նախագծերից բացի ներառում է նաև ուսումնական և մշակութային միջոցառումներ։ Հանդիպմանը հատուկ ուշադրություն էր դարձվել հարևան երկրում արցախյան պետականությունը վարկաբեկելու արշավում ռուսներին ներգրավելուն ուղղված ջանքերին հակազդելուն։ Համայնքի ղեկավար Գալինա Սոմովան կոչ էր արել հայրենակիցներին սադրանքներին չտրվել և թույլ չտալ օգտագործելու սեփական անձը Արցախի պատմությունը խմբագրելու փորձերում։
Շուշիում ադրբեջանցի վանդալները պղծել են Հովհաննես Թևոսյանի կիսանդրին. տեսանյութ
Բացատրեմ` ինչի մասին է խոսքը։
Ադրբեջանի քարոզչամեքենան արցախյան իշխանություններին է վերագրում գործողություններ՝ ուղղված ռուսական ժառանգության յուրացմանն ու ռուսական ներկայության հետքի ոչնչացմանը։ Անհեթեթ այդ միֆն առաջ տանելու համար ռեսուրսներ են մոբիլիզացվում ոչ միայն Ադրբեջանում, այլև Ռուսաստանում։ Վերջերս անսպասելի հայտարարությամբ այդ առիթով հանդես եկավ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը, որն ավելի ուշ ստիպված էր խմբագրել իր կասկածելի մեկնաբանությունների տեքստը։
Ռուսական համայնքի խորհուրդն այդ ցնորական մտքերին տվեց իր ադեկվատ գնահատականը՝ նշելով, որ «հայերի կողմից ենթադրաբար ոչնչացված ուղղափառ եկեղեցիների մասին շահարկումները նողկալի են հնչում և հակահայկական ու հակառուսական քաղաքականության քարոզչական գործիք են հանդիսանում»։
Կազմակերպության ակտիվիստները հիշեցրել են, որ ռուսական բոլոր եկեղեցիները ոչնչացվել են դեռ Արցախի անկախացումից շատ տարիներ առաջ, ինչի մասին արխիվային նյութեր կան։ Միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցները խիստ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ենթակայության տակ անցած Արցախի շրջաններում հայկական և ռուսական ժառանգության ոչնչացման փաստերի առիթով։
Խոսքը Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պայթեցրած գմբեթի, պղծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու, Հադրութի Աստվածամոր եկեղեցու պատերից ջնջված հայկական արձանագրությունների մասին է։ Գալինա Սոմովան ու իր գործընկերները ուշադրություն են դարձրել նրա վրա, որ հակահայկական քարոզչության գաղափարախոսներն իրենց լեգենդները հորինելիս հաճախ օգտագործում են Ադրբեջանի ռուսական համայնքի որոշ անզգույշ ներկայացուցիչների։ Հայկական եկեղեցիների այդ, ըստ էության, «ռեյդերական հարձակման» մեջ ռուսներին ներգրավելը նրանք անվանել են անթույլատրելի և արժանի ամենախիստ դատապարտման։
«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան